ԱԻՄ

Ինքնորոշում Միավորում
Անգլերեն Տարբերակ ԱԻՄ Նախագահ << Սկիզբ

ԱԻՄ Նախագահ

ՊԱՐՈՒՅՐ ԱՐՇԱՎԻՐԻ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԸ

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ծնվել է 1949թ. հուլիսի 5-ին Երևանի Նուբարաշեն (Սովետաշեն) ավանում: Հայրը Արշավիր Հովհաննեսի Հայրիկյանը, ծնվել է Պոլսում՝ հայ մտավորականի ընտանիքում: 1946թ. նա ներգաղթելով Խ. Հայաստան, մինչեւ կյանքի վերջը ապրել է Նուբարաշենում: Արշավիրի հորական կողմի ազգականներից ամնեաճանաչվածը հորեղբայրն էն՝ Աբրահամ Հայրիկյանը, պատանի հասակից ընտրելով ուսուցչական ասպարեզը, դասախոսել է՝ ուսուցանելով թուրքերեն, աշխարհագրություն եւ հին ազգաց պատմություն, հիմնել է անձնական ՀԱՅՐԻԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, որն այնուհետեւ փոխադրել է Պոլսի կենտրոն՝ ԱՐԴԻ ՎԱՐԺԱՐԱՆ անունով: Առաջին աշխարհամարտից առաջ Աբրահամ Հայրիկյանը անուն եւ դեմք էր Պոլսի կրթական ու դաստիարակչական կյանքի մեջ («Մարմարա» լրագիր, 20 հունիսի 1971թ.): Նահատակվեց պոլսահայ մտավորականների հետ 1915թ. ապրիլ 24-ին:

Արշավիր Հայրիկյանի մոր՝ Ազնիվ Ադամյանի ծնողները բնիկ կարինցիներ (Էրզրում) են եղել եւ մինչեւ կյանքների վերջը ապրել են Պոլսում՝ հայկական ավանդույթներով:

Պարույր Հայրիկյանի մայրը՝ Զարուհի Սեդրակի Աբրահամյանը, ծնվել է Կրասնոդարում, ուր գաղթել էին նրա ծնողները Մեծ եղեռնի ժամանակ: Վեց տարեկանից ծնողների հետ տեղափոխվել է Երեւան:

Զարուհի Աբրահամյանի հայրը՝ Սեդրակ Սահակի Աբրահամյանը (Կռեյանց), ծնվել է Վանի Հայոց Ձոր գյուղում՝ ավանդական սովորույթներով մեծ գերդաստանի նահապետ Կռեյանց Սահակի ընտանիքում: Նրանց նախնիները դարերով ապրել են Վանում եւ զբաղվել գյուղատնտեսությամբ:

Զարուհի Աբրահամյաին մայրը՝ Փիաստոս Ասատուրի Աճեմյանը, ծնվել է Վանում՝ մեծահարուստ արհեստավորների ընտանիքում, որոնց նախնիները նույնպես պարել են Վանում:

Պարույր Հայրիկյնաը 1956թ-ին ընդունվել է Նուբարաշենի միջնակարգ դպրոցը եւ գերազանց ավարտել 1966թ.:

Դեռ դպրոցական տարիքում Պարույր Հայրիկյանը հիմնում է «Հայաստանի երիտասարդական միությունը» (ՀԵՄ), որի անունով էլ թռուցիկներ էին տարածվում Երեւանում ու Կիրովականում: Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակիցները Երեւան-Կիրովական երթուղու գնացքում ձերբակալում են թռուցիկներ տարածող 10-րդ դասարանցի աղջիկների, որոնց միջոցով էլ կարողանում են իմանալ Հայրիկյանի մասին:

Այդ կազմակերպության բացահայտումից հետո նա հիմնում է «Շանթ» կազմակերպությունը, որի նպատակն էր Հայաստանի տարածքային վերամիավորումը:

Հայրիկյանը գրում էր պատմվածքներ, վիպակներ, բանաստեղծություններ, որոնցից այն ժամանակ տարածված էր «ՀԱՅԻ ՎԻՇՏԸ» բանաստեղծությունը: Այս բանաստեղծությունը վերջանում էր «Մասիս սարը այն կողմ կանգնած հանգիստ չի բաշխի» տողերով:

15 տարեկանից սկսված այդպես էլ հանգիստ չունեցավ այս հայորդին:

Պետք է նշել, որ Հայրիկյանը դեռ երեխա տարիքից աչքի էր ընկնում աշխատասիրությամբ, ընտանիքին ու ծնողներին օգնելու խոնարհությամբ: 7-րդ դասարանից նա ամառային արձակուրդներին աշխատում էր հոր հետ եւ մորն օգոնում հաշվապահության մեջ: Մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, մանավանդ՝ դասական երաժշտության: Շեփոր էր նվագում եւ փորձում շեփորով արտաբերել Բեթհովենի համանվագներից հատվածներ: Երաժշտական կրթությունը սահմանափակվել է Նուբարաշենի մանկատան փողային նվագախմբին մասնակցելով:

Պ. Հայրիկյանը 1966թ. ընդունվում է Երեւանի պոլիտեխնիկ ԲՈՒՀ-ի երեկոյան բաժնի կիբեռնետիկայի բաժանմունքը՝ միաժամանակ աշխատում Նուբարաշենի գործվածքեղենի գործատանը: Մասնակցում է Էրեբունու պեղումներին:

Հայրիկյանի ուսանողական տարիներին «ՇԱՆԹԸ» նոր վերելք է ապրում: Տպագրվում է «ԵՐԿՈՒՆՔ» թերթը եւ «ՑԱՍՈՒՄ» թռուցիկը: ՊԱԿ-ը բացահայտում է «ՇԱՆԹԻ» անդամներին: Սկսվում են հարցաքննությունները: Կազմակերպության բացահայտված անդամներին նախազգուշացնում են նման գործունեությամբ չզբաղվել եւ խստորեն սպառնում կրկնվելու դեպքում ենթարկել պատժի:

1968թ Հայրիկյանը ծանոթանում է Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) ղեկավարների հետ: Այդ ժամանակից էլ «ՇԱՆԹ»-ը մտնում է ԱՄԿ-ի մեջ: Հայրիկյանը ԱՄԿ-ի շարքերում մասնակցում է «ՓԱՐՈՍ-1»-ի տարածմանը, կատարում կազմակերպչական աշխատանք եւ դառնում ամենագործուն անդամներից մեկը:

1968թ. ապրիլի 24-ին, Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ, Հայրիկյանն ընկերների հետ կազմակերպում է ռադիոհաղորդում, որը տեւում է մոտ 15 րոպե: Հաղորդման թեման անկախ Հայաստանն էր: ՊԱԿ-ի աշխատակիցները այդ ժամանակ չեն կարողանում հայտնաբերել ոչ բարձրախոսը, և ոչ էլ հաղորդալարերը: Կազմակերպողի՝ Հայրիկյանի մասին ՊԱԿ-ը իմացավ միայն 1969թ. դատաքննության ժամանակ՝ նրան կցված մատնիչի միջոցով: Ազգային Միացյալ Կուսակցության անդմաների առաջին դատավարությունից հետո (1968թ.), երբ ղեկավարները կալանավորվում են, Հայրիկյանը դառնում է ԱՄԿ-ի ամենագործուն անդամը: ԱՄԿ-ի շարքերը համալրվում են նորանոր անդամներով: Մշակվում է գաղտնի գործունեության հուսալի համակարգ. անդամները ստորաբաժանվում են ըստ խմբերի եւ մասնաճյուղերի, որոնք միմյանց հետ առնչվում են իրենց ղեկավարների կամ կապավորների միջոցով:

Առաջին անգամ Հայրիկյանը ձերբակալվում է 1969թ. գարնանը, երբ 20 տարին դեռ չէր բոլորել: Երիտասարդ Հայրիկյանի մասին որոշ պատկերացում կազմելու համար կարելի է հիշատակել նախաքննությունից մի այսպիսի դրվագ. նա հրաժարվում է ցուցմունքներ տալուց եւ պահանջում է, որ իրեն տանեն ՊԱԿ-ի նախագահ, գեներալ-լեյտենանտ Բադամյանցի մոտ: Հաջորդ օրը ըստ պայմանավորվածության, համազգեստավոր քննիչները Հայրիկյանին առաջնորդում են գեներալի առանձնասենյակ: Հայրիկյանը գեներալից խնդրում է, որ իրենք երկուսոց մնան մենակ՝ թե շատ կարեւվոր բան ունի ասելու: Վերջինս մերժում է՝ պատճառաբանելով, թե իր աշխատակիցներին վստահում է: Այդ ժամանակ Հայրիկյանն առաջարկում է հետեւյալը. «Մենք երկուսս էլ հայ ենք, երկուսս էլ մեր հայրենիքի լավն ենք ցանկանում: Եկեք ես ներքեւից, Դուք՝ վերեւից համագործակցենք եւ ազատենք մեր հայրենիքը»:Գեներալն անսպասելիությունից ցնցված գոռում է. «Կորիր այստեղից»:

Պ. Հայրիկյանը 1970թ.-ին դատապարտվում է 4 տարվա ազատազրկման՝ ՀԽՍՀ ՔՐ. օրենսգրքի 65 եւ 67 հոդվածներով: Դատարանում իրեն մեղավոր չճանաչեց: Նա պաշտպանվեց առանց դատապաշտպանի: Պաշտպանեց ոչ թե իրեն, այլ գերված հայրենիքը:

Հայրիկյանը իր առաջին ազատազրկման ժամկետը անց է կացնում Մորդովայի Բարաշեւո գյուղի քաղաքական կալանավորների համար նախատեսված ճամբարում: Իբրեւ քաղաքական կալանավոր ամբասիր էր, ուներ մեծ հեղինակություն: Նա ճամբարից կապ է Հաստատում չբացահայտված իր ընկերների հետ, հոդվածներ գրում եւ ուղարկում ընդհատակում տպելու համար: Պատժախցերում եղած ժամանակ գրում էր երգեր ու բանաստեղություններ:

1973թ. ազատազրկումից վերադառնալով Պ. Հայրիկյանը շարունակում է քաղաքական գործունեությունը: Ուսումը շարունակում է պոլիտեխնիկ ԲՈՒՀ-ի երկրորդ կուրսում, աշխատում Նուբարաշենի գործվածքների գործատանը:

Պ. Հայրիկյանի բացակայության 4 տարիների ընթացքում ԱՄԿ-ն շարունակում էր գործել ընդհատակում՝ հավատարիմ մնալով Ազատ ու Անկախ Հայաստանի գաղափարին: Հայրիկյանը հեռվից ոգեշնչում էր գործընկերներին: Նա ճամբարում մշակում է «ՓԱՐՈՍ-2»-ը եւ գաղտնի ուղարկում դուրս, որը եւ ԱՄԿ-ի անդամների կողմից տպագրվում էր ու տարածվում:

1973թ., Հայրիկյանի վերադառնալուց հետո վերանայվում եւ փոփոխությունների է ենթարկվում ԱՄԿ-ի ծրագիրը: Իր առաջարկով հանվում են այն բոլոր դրույթները, որոնք հակադրվում էին ԽՍՀՄ Սահմանադրությանը: Հայրիկյանի անմիջական ղեկավարությամբ բազմահազար տպաքանակով տարածվում են «ՓԱՐՈՍ-2» ԼՐԱՑՈՒՑԻՉ թերթն ու բազմաթիվ թռուցիկներ ու կոչեր:

Ազգային Միացյալ Կուսակցության հիմնադիր ու ղեկավար Հայկազ Խաչատրյանի եւ մյուսների ձեռբակալությունից հետո Պ. Հայրիկյանը դառնում է ԱՄԿ-ի փաստական ղեկավարը: 1973թ. ստեղծվում է ԱՄԿ-ի գործադիր խորհուրդ, որի նախագահ է ընտրվում Հայրիկյանը: Այդ թվին սկսվում են նոր ձերբակալություններ: Ընդամենը 9 ամիս մնալով ազատության մեջ՝ Պ. Հայրիկյնաը ԱՄԿ-ն բարձրացրեց նոր աստիճանի: Այդ ժամանակահատվածը կազմակերպության ամենաբեղուն, ամնեաարգասաբեր շրջանն էր, քաղաքական նոր մտածելակերպի շրջան:

1974թ. փետրվարին, անձնագրային կարգը խաղտելու կեղծ մեղադրանքով կալանավորում են Հայրիկյանին՝ դատապարտելով 2 տարվա ազատազրկման: Երկու ամիս հետո հոդվածը փոխում են եւ դատապարտում ՀԽՍՀ Քր. օրենսգրքի 65 հոդվածի երկրորդ մասով եւ 67 հոդվածով: Այս ապօրինի քայլը ոչ մի հիմք չուներ, քանի որ ՊԱԿ-ը չկարողացավ կալանավորած վկաներից որևէ ցուցմունք կորզել: Դատարանը հենվեց միայն Ռուբեն Խաչատրյանի ցուցմունքի վրա: Նախաքննության ընթացքում Հայրիկյանն իր ընկերների հետ գտնվում էր ՊԱԿ-ի մեկուսարանի տարբեր խցերում: Սակայն դժվարին պայմաններում նա կարողանում է նրանց հետ ոչ միայն գաղտնի նամակագրական կապ ստեղծել, այլեւ հաստատել իր մշակած ԱՄԿ-ի ծրագիրը, որի հիմնական դրույթը հետեւյալն է. ԽՍՀՄ Սահմանադրության ընձեռած իրավունքով հանրաքվեի միջոցով հասնել Խ. Հայաստանի անկախացմանը: Այդ ծավալուն փաստաթուղթը Պարույրը փորձում է մեկուսարանից դուրս ուղարկել, սակայն ձախողվում է: Այս անգամ նա դատապարտվում է 7 տարվա կալանքի եւ 3 տարվա աքսորի: Նախաքննության ընթացքում, բացի ԱՄԿ-ի ծրագրից, գրում է նաեւ մի քանի երգեր ու բանաստեղծություններ: Երգերից կարելի է նշել «ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ՈՐ»-ը: Երգն սկսվում է հետեւյալ տողերով՝

Մենք ուսում ենք, որ անկախ լինի Հայքը,

Որ ոչ մի հայ էլ երբեք պանդուխտ չլինի:

Հայրենիքի սիրով վանում ենք ահը,

Որ երկիրը մեր միշտ ազատ լինի:

Մենք անվարան կարող ենք պնդել, որ այս ու այլ երգերով Պարույր Հայրիկյանը դառնում է հայ ազգային-հայրենասիրական ՆՈՐ երգարվեստի հիմնադիրը մեզանում, որ նրա շնորհիվ ԽՍՀՄ ազգերի մեջ հայերս միակն ենք, որ ունենք ԱՐԴԻ ազգային երգ:

Հայրիկյանն իր այս կալանքը անցկացնում է Պերմի եւ Մորդովիայի քաղաքական ճամբարներում: 1977թ. նա կալանավայրում ընտրվում է Ազգային Միացյալ Կուսակցության քարտուղար: Կազմակերպությունն այդ մասին տեղեկացնում է ԽՍՀՄ իշխանություններին: Ճամբարներում Հայրիկյանը կարողանում է հասնել այն բանին, որ մի քանի տասնյակ այլազգի քաղկալանավորներ դառնում են ԱՄԿ-ի համակիր անդամներ եւ դիմում իշխանություններին՝ ի պաշտպանություն ԱՄԿ-ի նպատակների: Ահա իսկական ազգամիջյան համերաշխությունը:

Պ. Հայրիկյանը փաստորեն դառնում է ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ ԽՍՀՄ-ում: Պատահական չէր, որ նա համարվում էր ամենագործուն քաղաքական կալանավորը եւ հենց այս բանի համար էլ մոտ 400 օր անց է կացրել միայն ՊԱՏԺԱԽՑԵՐՈՒՄ: Եվ նորից պատահական չէ, որ լենինգրադցի գրող Հայֆեցը նրա մասին գիրք է գրել, որը կոչվում է «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳԵՐԻ՝ ՔԱՐՏՈՒՂԱՐ Պ. ՀԱՅՐԻԿՅԱՆԸ»:
Անտարակույս հենց իր այդ հատկանիշների համար, ազատագրման ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ, 1981թ Հայրիկյանը ամբաստանվում է կաշառատվության մեջ եւ Պերմում սարքված մի խայտառակ դատավարություն-ներկայացումից հետո դատապարտվում երեք տարվա ազատազրկման եւ ուղարկվում միութենական նշանակության թմրամոլների համար նախատեսված հատուկ ճամբար:

Հրաշքով ողջ մնալով, նա աքսորի ժամկետը անցկացնում է Իրկուտսկի մարզում: Այստեղ Հայրիկյանն ընդունվում է Իրկուտսկի պոլիտեխնիկ ԲՈՒՀ: Որպես շատ լավ սովորող ուսանող, նրան թույլատրվում է հանձնել հաջորդ կուրսի քննությունները: Բայց դեռ հազիվ էր հասցրել հանձնել 2 քննություն, երբ նրան 1987թ. հունիսին երկրորդ կուրսից հեռացնում են:

1987թ փետրվարին, աքսորի ժամկետը լրանալուց հետո, Հայրիկյանը մի նամակով դիմում է ՍՄԿԿ Գլխավոր քարտուղարին, ողջունում նրա խոստացած փոփոխությունները եւ խնդրում թույլատրել Խ. Հայաստանում ստեղծել Հայաստանի անկախությանը ձգտեղ կազմակերպություն: Նա կամավոր երկարաձգում է իր աքսորի ժամկետը՝ մինչեւ պատասխան ստանալը: Նույն թվականի մայիսին նա հիմնում է Քաղբանտարկյալների Պաշտպանության Հայկական կոմիտե, որը պետք է ձգտեր նպաստելու հայ քաղբանտարկյալների ազատ արձակմանը:

ԽՍՀՄ ղեկավարին հղած դիմումին մերժում չստանալով, Հայրիկյանը 1987թ. օգոստոսին վերադառնում է Հայաստան եւ քիչ անց հիմնում ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ: Միավորման նպատակն է ազգային պետականության վերականգնումը, առաջնահերթ խնդիրը՝ Խ. Հայաստանի անկախացումը՝ ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով:

Իշխանությունները ամեն միջոց բանեցրին Հայրիկյանին ետ պահելու ազգային գործունեությունից: Ինչպես բազմիցս, այնպես էլ 1987թ աշնանը Մոսկվան Հայրիկյանին առաջարկում է մեկնել արտասահման (իշխանությունները նախօրոք պատրաստել էին բոլոր փաստաթղթերը): Հայրիկյանը այդ առաջակը մերժում է, այս անգամ արդեն հրապարակով հեռագրելով ԽՍՀՄ ղեկավարին:


Պարույր ջան

Ոչ մի տարի այնպես չեմ հետեւել Քո պահվածքին, ինչպես այս տարի: Քո այս անգամի կեցվածքը առնական էր, ծանրակշիռ եւ ազգային ու սկզբունքին: Դու այսօրվա պարտությամբ մի՚ տխրիր, եկող ընտրություններում դու հաղթելու ես, մի օր Հայաստանի ժողովուրդը քեզ է տեսնելու Մեծ Հայաստանի Երջանիկ գահի վրա, բայց ափսո~ս ես չեմ լինի, որ սրտանց Քեզ շնորհավորեմ: Քո վերջին ելույթները այնքան հուզեցին ինձ, որ վերկացա եւ ասացի, մի տխրիր այսօրվա Քո ձախողումների համար, Դու անպայման մի օր Քո պաշտած Հայրենիքի նախագահն ես դառնալու: Դու, որ այդքան հետեւողական ես, եւ այդքան իմաստուն ես դարձել եւ այդքան խելոք ու խոհեմ ես՝ Դու հասնելու ես Քեզ արժանի Քո Բաղձանքին:

Մայրիկդ մի անգամ ինձ ասաց, թե ես իզուր թողեցի Պարույրին, նա՝ մայրդ ասաց,-այս տարիքում շատ էր անհրաժեշտ քեզ: Դա իմաստուն խոսք էր եւ հիմա էս ինձ պարզ է դառնում: Ես իրոք մենակ եմ մնացել: Քո վերջին ճառերից մեկում խոսեցիր բոզ եւ քաղաքական կրկնակի բոզ Սիլվայի մասին, ոչ ոք այդպիսի հուզիչ խոսք այդ կեղծիքի ու կեղծավորության խտացման դեմ նման խոսք չէր ասել: Մոտավորապես նա ասում էր, որ ինքը խոսել է Լեւոնի դեմ, սուտ է նա Լեւոնին չէր դեմ, նա դեմ էր անկախ Հայաստանին, նա դեմ էր Հայաստանի անկախությանը: Նա պատրաստվում է պատմության դատաստանից ազատվել, բայց նա չի կարող: Նա անցյալում այնքան կեղտ է թողել, որ իրեն եւ իր ոտանավորները պռկեպռունկ ծածկելու է:

Գնացել եմ Կոտայք Սիրտս դրել եմ Քո օղակի մեջ՝ մի քրիստոնեական խաչ եմ քաշել: 88 տարեկան եմ, ոչ մեկին այդպես սրտալի չեմ քվեարկել: Քաջ եղիր, մի մտածիր, միայն ափսոսում եմ, որ Բոլշեւիկյան գարշանքից ետ ես մնացել: Համբուրում եմ Քեզ Քո իմաստության, խոհեմության, քաջության ու վեհության համար: Քո այդ կեցվածքով Դու ՀԱՂԹԵԼՈՒ ԵՍ:

Քո՝ Վարագ Առաքելյան

17.03.98