ԱԻՄ

Ինքնորոշում Միավորում
Շինարարություն << Սկիզբ

Գործունեություն

Շինարարություն

ՍԱ եւ յանուն հայրենիքի ընկած միւս զոհերի յիշատակն յաւերժացնելու նպատակով Աղաւնոյ վերանուանուած ԱԻՄԱՒԱՆ 1¬ում կառուցուած է «Սրբոց նահատակաց» հոյակերտ եկեղեցին։

Դրամական միջոցների սղութիւնից ելնելով՝ նախապէս ծրագրւում էր Աիմաւան 1¬ում որպէս յուշարձան մի մատուռ կառուցել միայն, սակայն կառոյցի գլխաւոր ճարտարապետ,երջանկայիշատակ Բաղդասար Արզումանեանի յորդորով եւ անշահախնդիր մասնակցութեամբ, ինչպէս նաեւ, ելնելով կառոյցի հոգեւոր եւ ռազմավարական նշանակութիւնից, որոշուեց բոլոր ժամանակների մեր նահատակների յիշատակն յաւերժացնող «Սրբոց նահատակաց» անունով մի փոքրիկ եկեղեցի կառուցել։

Ժամանակը ցոյց տուեց, որ ճիշտ գործն ինքն է հովանաւորներ գտնում։ Աջակցելու կոչին արձագանքեցին բազմաթիւ հայեր Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ¬ից։ Կալիֆոռնիաբնակ Վահէ Կարապետեանը ստանձնեց գլխաւոր հովանաւորի («եկեղեցու քաւորի») պարտականութիւնը։

Այդ ամէնի շնորհիւ հնարաւոր եղաւ շինարարութեան ընթացքում աւելացնել եկեղեցու բարձրութիւնը, այն համալրել զանգակատնով, ինչպէս նաեւ ապահովել ջրամատակարարում, կանաչապատում եւ հիմնադրել մի փոքրիկ յուշայգի, որտեղ իւրաքանչիւր զոհուած աշխարհազօրայինի յիշատակը կխորհրդանշի նրա անունով աճող ծիրանենին։ Դէպի եկեղեցին տանող աստիճանաշարքին զուգահեռ կկանգնեցուեն յուշաքարեր, որոնց վրայ կփորագրուեն տարածքում զոհուած բոլոր (ոչ միայն Սիւնիքի աշխարհազօրի) ազատամարտիկների անունները։ Աստիճանների առաջին հարթակի մօտ արդէն կանգնեցուած է նուիրատու Քամերոն Ջոնսոնի նախնիների՝ ամերիկաբնակ Ռէջէբեանների յիշատակը յաւերժացնող խաչքարը։

Մի փոքր հեռու՝ այնտեղ, որտեղից 1992¬1994 թթ. ծառայութեան էին մեկնում Սիւնիքի աշխարհազօրի ջոկատները, կանգնեցուած են երկու խաչքարեր. առաջինը Սիսիանի աիմականների նուէրն է, երկրորդը՝ յայտնի գործարար Գագիկ Ծառուկեանինը։ 2002 թուականի գարնանը «Սրբոց Նահատակաց» եկեղեցու հիմնական աշխատանքներն արդէն աւարտուեցին եւ սկսուեց տարածքի բարեկարգումը։

Շինարարութիւնն իրականացրել են Սիսիանի եւ Գորիսի վարպետները։ Առանձնայատուկ գնահատանքի է արժանի գորիսեցի վարպետ Մարգարի բացառիկ աշխատանքը։

Աշխատանքները կատարւում էին «Ծնողազուրկ երեխաների յանձնախումբ» բարեգործական կազմակերպութեան (ԾԵՀ ԲԿ) հովանու ներքոյ, ԱԻՄ հովանաւորութեամբ եւ աջակցութեամբ։ Առաջին նուիրատուն Ինքնորոշում միաւորումն էր, որն իր դրամական միջոցների տասը տոկոսը յատկացնում էր եկեղեցու շինարարութեանը։ Հետագայում գլխաւոր հովանաւորը դարձան ԱՄՆ¬ում բնակուող Վահէ եւ Վերոնիկ Կարապետեանները։

Եկեղեցու կառուցումն իրականացուել է յատուկ այդ վերահսկողութիւնն իրականացնելու համար ստեղծուած 7 անձից բաղկացած հոգաբարձու խորհրդի վերահսկողութեամբ։

ԱԻՄԱՒԱՆ 1¬ի «Սրբոց նահատակաց» եկեղեցու հողի (տեղի) օրհնումը տեղի է ունեցել 1998 թուականի յուլիսի 29¬ին՝ ձեռամբ հոգեշնորհ Տ. Աթանաս վարդապետի։ Եկեղեցու հիմնարկէքը ամենայն հանդիսաւորութեամբ տեղի է ունեցել 1999թ. փետրուարի 9¬ին՝ օրհնութեամբ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի։ Մասնակցել են աւելի քան 100 քացաքացիներ՝ զոհուած ազատամարտիկների ծնողներ, հարազատներ, մարտական ընկերներ, լրագրողներ, տեղի բնակիչներ։ Եկեղեցու եւ զանգակատան խաչերն օծուել են 2001 թուականի սեպտեմբերի 27¬ին՝ ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի, մասնակցութեամբ՝ Տ. Արիս Շիրվանեան սրբազանի (Երուսաղէմ), կնունքի աւազանն ու մերձակայ խաչքարն օծուել են 2002 թուականի մայիսի 19¬ին Տ. Պարգեւ սրբազանի կողմից՝ հայր Աթանասի մասնակցութեամբ։

Եկեղեցու ճակատը զարդարուած է հետեւեալ արձանագրութեամբ.

«ԿԱՄՕՔՆ ԱՅ, Ի ՏԵՂԻՍ ԱԻՄԱՒԱՆ¬1 ԱՒԱՐՏԵՑԱՒ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԵԿԵՂԵՑՒՈՅՍ ՍԲՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Տ. Տ.

ԳԱՐԵԳՆԻ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄ ՀԱՅՈՑ, ՁԵՌՆՏՈՒՈՒԹԵԱՄԲ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՎԻՃԱԿԻՆ ԱՐՑԱԽԱՅ Տ. ՊԱՐԳԵՒԻ ԱՐՔԵՊՍԻ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ ՅԱՄԻ ՏՆ ՍԲ (2002), ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ ՄԻԱՒՈՐՄԱՆՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՈՐ ԿՈՉԻ ԱԻՄ, ԱՐԴԵԱՄԲՔ ՎԱՀԷԻ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ ԵՒ ԿՈՂԱԿՑԻՆ ԻՒՐՈՅ ՎԵՐՈՆԻԿԻ, ՈՐՔ Յ’Ա.Մ.Ն., ԵՒ ԱՅԼՈՑ,

Ի ՅՇՏԿ ՔԱՋԱՑՆ ԱՇԽԱՐՀԱԶՕՐԻՆ ՍԻՒՆԵԱՑ ԵՒ ԱՅԼՈՑ ՄԱՐՏԻՐՈՍԱՑ՝ ԱՆԿԵԼՈՑ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ։

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԲԱՂԴԱՍԱՐ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ»։

Տիրոջ կամքով
Աիմաւան 1¬ի «Սրբոց Նահատակաց» եկեղեցու
ամբողջական օծումը
տեղի կունենայ
2002 թուականի յուլիսի 28¬ին։
Սուսաննա Գրիգորեան

Սուսաննա Գրիգորեան

Նախկին պարետը «Սրբոց նահատակաց» եկեղեցու

համալիրում իր կառուցած ջրվէժի մօտ