ԱԻՄ

Ինքնորոշում Միավորում
Ռուսական գազը... | Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին /span> << Սկիզբ

ԱԻՄ XXIV Համագումա

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ելույթը ԱԻՄ 24րդ համագումարում

Ազգային ինքնորոշում միավորման 24¬րդ համագումարի հարգելի պատվիրակնե՛ր, սիրելի աիմականնե՛ր եւ հյուրե՛ր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք.

Հետաքրքիր ժամանակներում ենք ապրում։ Ասում են, երբ Իսրայելի առաջին վարչապետին որպես ահազանգ զեկուցում են, որ նորաստեղծ իսրայելական պետությունում մեկ գող եւ մեկ մարմնավաճառ են կալանավորել, նա հուզվելու փոխարեն բացականչել է. «Փառք քեզ Տեր Աստված, մենք էլ ազգ դարձանք»։ Հիմա Հայաստանի իշխանությունները, այդ երկուսի հետ խիստ հոգեհարազատ լինելով, կարծում են, որ ազգ լինելու համար մեզ քաղկալանավորներն էին պակասում։ Եւ այսօր ազգային պետականության փաստացի վերականգնումից 14 տարի անց ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ գաղափարի հետ իրեն տասնամյակներ կապող կուսակցության քոալիսիոն իշխանության պայմաններում Հայաստանին պաշտոնապես իշխանությունները ապահովեցին նաեւ քաղկալանավորներով։ Եւ դա բնական է։ Մի երկրում, որտեղ

չկա ժողովրդավարություն,

չկա օրենքի գերակայություն,

որտեղ ոտնահարվում են քաղաքացիների սոցիալական, քաղաքացիական եւ, մանավանդ, քաղաքական իրավունքները` խոսքի ազատություն, ցույցերի ու հանրահավաքների անցկացման եւ այլ իրավունքները, խախտվում է քաղաքական կուսակցությունների իրավահավասարության սկզբունքը, վերջապես մի երկրում, որտեղ իշխանություններն ապօրինի են, այդ երկրում քաղկալանավորի կարգավիճակում է ողջ հասարակությունը, եւ անպայման պիտի լինեն նաեւ դասական պատկերացմամբ քաղկալանավորներ։

Չգիտես ինչու Հայաստանում մեծ տարածում է ստացել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնազրկումը համադարման (պանացեա) համարելու մոլորությունը։

Ֆաշիզմի դեմ պայքարողները Հիտլերի պաշտոնազրկումը չէին համարում իրենց հաղթանակը։ Առողջ ազգերը կոմունիստական ամբողջատիրությունից ազատագրումը չէին հանգեցնում Գորբաչովին պաշտոնից հեռացնելուն։ Հանրահայտ է, որ մեզանում համակարգային անիրավություններ են տեղի ունեցել խորհրդարանում տեղեր ստացած իշխանամետ ուժերի ամենագործուն մասնակցությամբ։ Սակայն այսօր ժողովրդի անունից ապօրինի իշխանությունների դեմ հանդես եկող, իրենց ընդդիմադիր հռչակածների մի հսկայական բանակ պատրաստ է այդ օրինախախտ ուժերի հետ համագործակցել, եթե միայն նրանք քավության նոխազ դարձնեն Ռոբերտ Քոչարյանին։

Դա նույնպես օրինաչափ է։ Նրանք հիմնականում նույն թիմից են, նույն այն թիմից, որ մեր ժողովրդի հարյուրամյակներ տեւած պետականության վերականգման պայքարի ամենավճռական փուլում չմիացան հայության ազգային¬ազատագրման առաջամարտիկ ԱԻՄ¬ին, ավելին՝ ամեն կերպ աջակցեցին մեզ պետականությունից զրկած եւ Արցախն ու Նախիջեւանն էլ որպես պատանդ հարեւան Ադրբեջանին հանձնած ուժերին։

Վերջին տասնամյակների մեր պատմությունը դեռեւս չի արժանացել անաչառ վերլուծության։ Լավատես լինելու հիմքեր էլ չունենք։ Մենք ազնիվ ու անաչառ չենք նաեւ հարյուրամյա իրադարձությունները վերլուծելիս։ Հայերի հիմնական մասի համար պատմությունը ոչ թե ուսուցիչ է, այլ՝ գործիք, միջոց, որը փորձ է արվում ծառայեցնել ճղճիմ քաղաքական եւ բարդույթավորված մարդկային հավակնություններին։ Այս բանում համոզվելու համար բավական է մի հայացք նետել մեր սրբերի ու հերոսների շարքին. քրիստոնեությունն ուրացած եւ հետո ընդամենն իրենց ուրացման մեղքը քաված եւ երկիրն օտարի տնօրինությանը թողած սրբեր ու մեծ զորավարներ, Արեւմտահայաստանը փրկող եւ ցեղասպանության դիտորդ դարձած «մեծ» ազգային գործիչներ, «Մահ կամ ազատություն» կարգախոսով Կարսը՝ թուրքին, եւ Երեւանը՝ բոլշեւիկ ռուսին հանձնած, հետո էլ արտասահման փախած «ազգային նվիրյալներ»։

Միջակություններին, որ որեւէ դժվար պահի պատրաստ են լքել հայրենիքը, իհարկե, այդպիսի եւ ոչ մինչեւ իրենց վերջին շունչը Հայաստանի համար պայքարելու պատրաստ կերպարներ են պետք։ Այդպիսիների կամքով է, որ հայության քաղաքական անկախության պայմաններում անգամ շարունակվում է մարդկային եւ ազգային տեսակետից այլասերվել ազգը։ Պղծվում են այնպիսի անառարկելի արժեքներ ինչպիսիք են ազատությունը, արդարությունը, մարդկային եւ ազգային արժանապատվության զգացումները։

Հարգելի բարեկամնե՛ր, կուսակցական համագումարի կարեւորագույն խնդիրներից է, իհարկե, նախորդ համագումարից մինչեւ այս համագումարն ընկած ժամանակահատվածում քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները գնահատելը, լուծումներ առաջադրելը եւ կուսակցության աշխատանքները ամփոփելը։ Սակայն շատ ավելի կարեւոր է իրավիճակի ընդհանրական գնահատականը։

Տարիների հեռավորությունից ավելի ակնհայտ է դառնալու հայ ժողովրդի եւ ԱԻՄ¬ի միջեւ անմիջական կապը, կարելի է ասել՝ ճակատագրական կապը։ ԱԻՄ¬ն այսօր ամենաանբարենպաստ վիճակում է։ Զրկված է օրինականորեն իրեն պատկանող չորս մեծ գրասենյակներից եւ հեռացված է հայ քաղաքական կյանքին անմիջականորեն մասնակցելու հնարավորությունից։ Քաղաքականապես նույն վիճակում է Հայաստանի բնակչությունը։

Ռազմաքաղաքական հակամարտությունների առկայության պայմաններում որեւէ ժողովրդի գերխնդիրն է իր հավաքականության, այսինքն` իր պետության հզորացումը։ Միայն օտարի գործակալը կամ քաղաքական տհասը իր երկրի էներգետիկ կարողությունները կարող է հանձնել օտար պետության, այն էլ՝ այնպիսի պետության, որ պատմականորեն բազմիցս ապացուցել է իր անհավատարմությունը համամարդկային եւ քրիստոնեական արժեքներին, որ, իր թվացյալ շահերից ելնելով՝ դավաճանել է իր նվիրյալ դաշնակից, հանուն այդ նվիրման թուրքերի զանգվածային ատելությանն արժանացած ու ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդին, այն պետությանը, որի հայկական քաղաքականության տեւական պաշտոնական կարգախոսն է եղել՝ «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի»՝ չարագույժ եւ մասամբ իրականություն դարձած բանաձեւը։ Անպատասխանատու գոյատեւողը կարող է հորթային հրճվանքով բարբաջել Ռուսաստանի հայասիրությունից, սակայն իրավունք ունե՞նք մենք մոռանալու, որ հայոց ցեղասպանությունը Արեւմտյան Հայաստանում եւ նաեւ Կարսի նահանգում վերջնականապես վավերացնողը եղել է Ռուսաստանը, որ Արցախի խնդիրը մեզ պարտադրված է նույն Ռուսաստանի կողմից։ Ոմանք կարող են ասել, որ դա կոմունիստական Ռուսաստանն էր, եւ ճիշտ կլինեն, սակայն արդյո՞ք մեզ է տրված որոշելու, թե ինչպիսին է Ռուսաստանն այսօր եւ ինչպիսին պիտի լինի վաղը։ Ունե՞նք մենք երաշխիք, որ հանուն ինչ¬որ նկատառման կամ նկատառումների Ռուսաստանը կամ որեւէ այլ պետություն, որ միջազգայնորեն չի ամրագրել իր հավատարմությունը որոշակի արժեքային համակարգի, չի որդեգրի հայավնաս քաղաքականություն։ Իհարկե, չունենք։ Հետեւաբար մեր հիմնական խնդիրն է Հայաստանի հզորացումը, որը եւ կպարտադրի հարգալից վերաբերմունքի եւ իրական դաշնակցային հարաբերությունների բոլորին, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանին։

Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս տարրական ճշմարտությունը խորթ ու անհասկանալի պիտի հնչի որոշ շրջանակների համար, սակայն ունենք ընկալելի լինելու լավատեսության հիմքեր, որովհետեւ չենք մոռացել, որ մեր սերնդակիցներին անհասանելի եւ անհասկանալի էին անկախություն, ազգային սահմանադրություն, ժողովրդավարություն` ժողովրդի կողմից ընտրված նախագահ, եւ ազգային բանակ հասկացությունները։ «Հավերժ Ռուսաստանի հետ» զազրախոսությամբ իրար հաջորդող իշխանություններն այնուամենայնիվ բազմաթիվ հայտարարություններով ամրագրել են «դեպի Եվրոպա»՝ դեռեւս 18 տարի առաջ մեր բարձրացրած ռազմավարական նպատակը։

Մարդկության պատմության մեջ ե՛ւ իր աշխարհագրական ընդգրկմամբ, ե՛ւ իր բնակչությամբ, ե՛ւ պետությունների քանակով, եւ, մանավանդ, միավորման ու համագործակցության սկզբունքներով մի աննախադեպ երեւույթ է Եվրոպական միությունը, որը ձեւավորված է բացառապես որոշակի արժեքային համակարգի նկատմամբ միասնական վերաբերմունքի հիման վրա։ Եվրոպական միություն. ազգերի իրավահավասար հարաբերությունների, հայամետների վստահելի հանգրվան։ Դա է մեր ապագան եւ դա արդեն մեր ներկան կլիներ, եթե մենք ճիշտ օգտագործեինք նախախնամության կամքով մեզ տրամադրված քաղաքական անկախության այս տասնչորս տարիները։

Հակամարդկային եւ ապազգային տարրերը, որ փոխնիփոխ մնում են իշխանության, այսօր Եվրամիության նախաշեմ հանդիսացող Եվրախորհրդի դեմ են ընդվզում։ Պաշտոնապես Հայաստանի առաջին դեմքը հայտարարում է. «Եվրախորհուրդը պոլիտբյուրո չէ»։ Իհարկե այդ մասով նա ճիշտ է, սակայն ասել, որ չի հասկանում, որ տեղյակ չէ Հայաստանի եւ Եվրախորհրդի անդամ մյուս պետությունների ընդունած փոխադարձ պարտավորություններին, կնշանակեր նսեմացնել այդորակ հայտարարությունների վտանգավորությունը։ Մեր մեկնաբանությունն այլ է։ Այս իշխանությունները խորթ են մեր ժողովրդին, հետեւաբար եւ՝ օտար։ Իսկ օտարը պիտի օտարի շահերին ծառայի։ Նրանց, ում պետք չէ, որ Հայաստանն օրինավոր` եվրոպական չափանիշներով ապրող, օրավուր հզորացող երկիր լինի։ Եթե միջազգային պայմանները հնարավորություն ընձեռեին, ապա այս երեկվա «պարտօրգները» կընդվզեին նաեւ մեր միջազգային ճանաչման դեմ ու կհամոզեին, որ Չեչնիայի կարգավիճակը լավագույնն է մեզ համար։ Ահա, թե ուր են փորձում տանել մեզ՝ ժողովրդավարությունը հայությանը խորթ, արեւմտյան մտածելակերպ հայտարարող նորօրյա իշխանիկները։

Ինչպես իր երեխաների բերանից վերջին պատառը փախցնող անուղղելի հարբեցողն է իրավապահների պաշտպանությանը դիմող իր ամուսնուն մեղադրում «ընտանիքի կեղտը» դուրս հանելու մեջ, այդպես էլ մեր քաղաքական ապիկարներն են վրդովվում, որ իրենց եւ միայն իրենց եւ ոչ մեր ազգային ընտանիքի կեղտը մատուցվում է այն միջազգային ատյաններին, որոնք կոչված են Հելսինկյան համաձայնագիրը ստորագրած պետությունների քաղաքացիներին ապահովագրելու իրենց ազգային չաուշեսկուներից ու հիտլերիկներից։ Ճիշտ էին Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումները Եվրախորհրդի ուշադրությանը մատուցող խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Փաստերն աշխարհին, միեւնույն է, հայտնի էին եւ, եթե մենք ազգովի չդատապարտեինք դրանք, դա կարող էր, հայ համարվող իշխանազավթների գնահատականներին համապատասխան, մեր ազգային ցածրորակ մտածելակերպի դրսեւորում համարվել։ Բայց ընդդիմադիր ուժերի հետեւողական դիրքորոշումը մեզ ազատեց այդ մեղադրանքից։

Երեկվա կոմսոմոլ ու չեկիստ, այսօր՝ հանրապետական, օրինացական կամ դաշնակցական համարվող միջակությունները լծվել են հայրենիքը կործանման հասցնելու գործին եւ նվազագույն ճիգ չեն գործադրում առողջ վերլուծության ենթարկելու իրավիճակը։ Մենք 84 տարի առաջ ունեինք մեր պետականությունը։ Ինչո՞ւ կորցրինք եւ հայտնվեցինք «Չարի կայսրության» խառնարանում։ Թուրքական բանա՞կն էր հզոր.¬ մենք ավելի ծանր պայմաններում Սարդարապատում ջարդել էինք նրանց։ ¬ Ռուսական 11¬րդ բանա՞կն էր ահարկու։ ¬ Բայց Նժդեհը, ընդամենը կամավորներով, Զանգեզուրում մեծ կորուստներ պատճառելով՝ ետ էր մղում այդ նույն բաշիբոզուկներին։ Կար մեկ այլ խնդիր։ Հայ մարդու, հայ զինվորի անվստահությունը իշխանությունների նկատմամբ։ Այն ժամանակ, մայիսին հաստատված արտակարգ դրության անհարկի երկարաձգումը, ու պառլամենտի փոխարեն դաշնակցական բյուրոյի մենիշխանության հաստատումը զանգվածային հիասթափություն էին առաջացրել իշխանություններից, որից էլ օգտվեցին՝ «թուրքի վրա մի՛ կրակեք, նա մեր բարեկամ Լենինի բարեկամն է»՝ կարգախոսով ասպարեզ իջած օտարերկրյա գործակալները։ Այսօր Քոչարյան¬քոալիսիա համանման բռնապետությունը նույնորակ քաղաքական իրավիճակ է ստեղծում։ Բոլորս պետք է աչալուրջ լինենք, որ, այնուամենայնիվ, համանման քաղաքական իրավիճակը համանման քաղաքական հետեւանքների չհանգեցնի։

Այսօր մենք` ԱԻՄ¬ը, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ կուսակցություններից մեկն ենք, բոլորից մեկն ենք, բայց պատշաճ չէ մոռանալ մեր բացառիկ քաղաքական ներդրումները։ Իսկապես պատշաճ չէ։ Միայն մի պահ պատկերացնենք, թե ինչ իրավիճակում կհայտնվեր Արցախը, եթե մինչ 1992 թվականների բուռն շրջանը Հայաստանն անկախացած չլիներ...

Այդ ներդրումները մենք եւ մեր ժամանակակիցները պարտավոր ենք հիշել եւ ըստ արժանվույն գնահատել, որովհետեւ դրանք այն արժեքներն են, որով մեր սերունդը պետք է ոչ միայն ներկայանա պատմությանը, այլեւ գոտեպնդվի ու հավատով տոգորվի իր կարողությունների՝ իր ապագայի հանդեպ։ Մյուս կողմից, դա մեզ` աիմականներիս, պետք է համակի լրացուցիչ պատասխանատվության զգացումով. «Ում շատ է տրված, նրանից շատ էլ ակնկալվում է»։

Քաղաքական ճնշումների առաջին հարվածն ուղղվեց ԱԻՄ-ին։ Այդպես էլ պիտի լիներ։

Հիմա պետք է հասկանանք, որ խնդիրը մեզ չէր վերաբերում, այլ` մեր ժողովրդին։ Ցավալի է, որ մեր քաղաքական ընդդիմությունը համարժեք վերաբերմունք չդրսեւորեց ԱԻՄ¬ի նկատմամբ գործադրվող հետապնդումներին։ Հետեւանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին։ ( Նույնը այսօր հուզում է իրենց։ ) Բարեբախտաբար միջազգային հանրությունը անտարբերություն չդրսեւորեց։

ԱԻՄ Կենտրոնական գրասենյակի բացակայությունը մասամբ փոխհատուցվեց մեր նվիրյալների լրացուցիչ պատրաստակամությամբ։ Հին ու նոր աիմականների անունից երախտագիտության խոսք եմ ուզում ասել բոլոր նրանց, ովքեր առաջին իսկ պահից մեզ տարածքներ տրամադրեցին։

Ինչո՞ւ է բնականոն առաջին հերթին ԱԻՄ¬ ի դեմ իշխանությունների սանձազերծած արշավը։ Սկսենք այն բանից, որ նրանք մեզնից լավ գիտեն. ԱԻՄ¬ը, այն քաղաքական կուսակցությունն է եւ՝ միակը, ում հաջողվել է մեր ժողովրդին որեւէ ռազմավարական հաջողության հասցնել։ Քանի որ թիրախը ժողովուրդն է, ուրեմն նրան ինքնորոշման` պետականության վերականգնման առաջնորդած կուսակցությունը պետք է ռմբահարվի։ Ինչեր ասես չփորձեցին, պառակտել` չստացվեց, մեծածավալ պարտքեր վերագրել ԱԻՄ¬ին` նույնիսկ խամաճիկ դատարանը չհամաձայնեց։ ԱԻՄ պատմությունը գողանալ,¬ չի ստացվում. զրկել միաժամանակ բոլոր հիմնական գրասենյակներից... Այ սա կարողացան, սակայն մենք արդեն հասել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մեր հայտն ընդունված է, եւ շեշտադրում ենք հատկապես ցույցերն արգելելը։ Սա այն հարցն է, որ հուզում է Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերին, եւ Հայաստանի կողմից օրենսդրորեն ընդունված գերակա միջազգային դատարանում մեր հաղթանակը կլինի բոլոր ազատասեր մարդկանց հաղթանակը։

Ուշագրավն այն է, որ ցույցերի դեմ հանդես են գալիս ցույցերով ասպարեզ եկած, ցույցերով դեռեւս կոմունիստների օրոք արցախյան խնդիրն արծարծած գործիչները։

Սիրելի աիմականնե՛ր, պատվարժան հյուրե՛ր, Մենք որպես ազգ ապրում ենք երկատված կյանքով` երկու եւ ավելի չափորոշիչներով։ Մեր, մանավանդ՝ պետական գործիչների մտավոր ու հոգեբանական երկփեղկվածությունը էական խոչընդոտ է ազգայինի վերականգման ու առաջընթացի մեր ճանապարհին։ Ինչպիսի՞ աշխարհընկալում պիտի ունենա այն մարդը, ում ազգը նույն տարում կարող է քրիստոնեության պետականորեն ընդունման 1700¬ամյակը տոնել ու միաժամանակ պետական տոն հռչակել աթեիստների` անաստվածների, Հայոց Կաթողիկոսին խեղդամահ անողների տոներից մեկը՝ մարտի 8¬ը, հակադրելով այն Աստվածածնի անարատ հղության օրվան` Ապրիլի 7¬ին։ Գարեգին Նժդեհի տարի է հայտարարվում եւ Նժդեհին սպանողների` չեկիստների, օրը նշվում է պետականորեն որպես Հայաստանի ազգային անվտանգության աշխատակիցների օր։ Ազգային հերոս ու ազգային պետական ակնառու գործիչ են հայտարարվում եւ՛ հանուն ազգի անկախության պայքարած մարդը, եւ՛ օտարի հրամանով, հանգամանքների բերումով թերեւս, այդ անկախության դեմ պայքարած դրածոն... Մեր սերունդն այս հոգեբանական երկփեղկվածությունը հաղթահարելու խնդիր ունի, եւ բոլշեւիկյան անցյալի բռնադատումներից խուսափել կարեցած ԱԻՄ¬ին, թերեւս, հատուկ առաքելություն է վիճակված նաեւ այս հարցում։

Վերջին ժամանակներս հնչեցվող՝ «Ընդդիմությունն այն չէ, նոր ընդդիմություն՝ 3¬րդ ուժ է պետք» հայտարարություններն, ըստ էության, դավադիր կոչեր են, որոնց հիմքում հայտնի՝ «ոչ թե իշխանափոխություն է պետք, այլ՝ ընդդիմափոխություն»՝ կոչն է։ Դա ըստ էության կոչ է։ Օրեր առաջ քոալիսիոնական գեբելսները իրենց պարբերականներով մեզ էլ փորձեցին ներքաշել այդ խաղի մեջ։ Մեր դիրքորոշումն ավելի քան հստակ է։ Այսօր մեր ժողովրդի առջեւ ազգային ¬ ռազմավարական խնդիրներ են ծառացած, իսկ դա ենթադրում է բոլոր դաշտերում գտնվող` ե՛ւ աջ, ե՛ւ ձախ, ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանամերձ ( ոչ՝ իշխանամետ ) առողջ ուժերի համախմբում։ Եւ հանգուցալուծումը իշխանափոխությունը չէ։ ԱԻՄ¬ը առաջին ժողովրդավարական ուժն է եղել եւ երրորդ ուժը չի լինի։ Որքան էլ որ այդպիսի տեսակետների ձեւավորմանը նպաստի հրապարակ դուրս եկած ընդդիմությունը, մենք չենք ողջունի այդպիսի տրոյական ձիու ասպարեզ գալը։ Ճիշտ է, ընդդիմությունը, ի տարբերության մեկ եւ միակ իշխանության, բազմաշերտ է, սակայն հավատում ենք, որ բոլոր ազգանվեր քաղաքական ուժերը համակարծիք են, որ ժողովրդավարության կայացման ու իրավական պետության ստեղծման համար ոչ թե նոր` երրորդ ուժ է պահանջվում, այլ՝ մեկ միասնական համազգային ուժ։

Որոնք են այն հիմնական խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր սերնդի առջեւ։ Նախ արձանագրենք, որ մեր հիմնական խնդիրը Հայաստանի՝ մեր միասնական տան, հզորացումն է, ինչպես՝ մեր հակառակորդների հիմնական խնդիրը մեր թույլացումն է։ Մեր Սահմանադրության առաջին հոդվածն ամփոփում է այն նպատակները, որոնք պետք է ուղենշային լինեն մեզ համար։ Հայաստանը պետք է լինի ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն։ Այս բոլոր նպատակները վերջին հաշվով կոչված են հզորացնելու մեր հայրենիքը։

Սկսենք ժողովրդավարությունից` մարդկությանն առայսօր հայտնի միակ կառավարման համակարգից, որ հնարավորություն է տալիս առավելագույն չափով ասպարեզ տալ երկրի բոլոր քաղաքացիների կարողություններին, քաղաքացիներին երկրի տերը լինելու զգացում տալ եւ նրանց մասնկացությամբ հասնել քաղաքական բոլոր կնճիռների հարթեցման, այդ թվում նաեւ՝ իշխանափոխության։ Այդ է պատճառը, որ մենք կոչ ենք անում այսօր շեշտը դնել ոչ թե իշխանափոխության, այլ՝ ժողովրդավարության կայացման վրա։ Եթե խորանանք, իշխանության հարցն էլ առաջնայինը չէ։ Այսօր հայրենիք ունենալ ¬ չունենալու խնդիրն է հառնում։

Արձանագրենք, որ մենք` հայերս, երբեւէ լիարժեք ժողովրդավարություն եւ 100 տոկոսանոց արդար ընտրություններ չենք ունեցել ։ Հայաստանի քաղաքացիների Ժողովրդավարական պատկերացումներին մեծագույն հարված են հասցնում նրանք, ովքեր ասում են, թե մենք, օրինակ, ունեցել ենք ժողովրդավարություն, եւ պետք է վերականգնենք այն։ Չունեցածը չեն վերականգնում։ ՈՉ, սիրելի բարեկամներ, անգամ անկախության հանրաքվեն արդար չի կարելի համարել լոկ այն պատճառով, որ «այո»¬ ի հակառակորդները, օրինակ՝ կոմունիստները ամբիոն չստացան։ Սակայն առավել տարածված են դրական գնահատականները 1990¬1991թթ. կայացած ընտրությունների վերաբերյալ։ Հիշենք միայն ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունները։ Երեք թեկնածուներից մեկը` ձեր խոնարհ ծառան, բռնի արտաքսված էր։ Այդ պայմաններում ընտրվեց ՀՀ ԳԽ նախագահը։ Այդ օրը խորհրդարանի 200 պատգամավորներ քաղաքականորեն եւ մարդկայնորեն որակազրկվեցին։ Աշխարհում կարելի՞ է գտնել թեկուզ մեկ մարդու, ով այդպիսի` թեկնածուներից մեկի բռնի արտաքսման պայմաններում իրականացված, ընտրությունն արդար համարի։ Մեկ տարի անց էլ նույն ոգով` իշխանական լծակների չարաշահմամբ ու պառավաքարներով նախագահական ընտրություններն ընթացան։ Մենք ուղղակի խնդրում ենք մեր իրականության հայտնի ու անհայտ քաղաքական դեմքերին, հանուն իրենց հայտնի ու անհայտ նկատառումների չխեղել պատմությունը։ Չարժեզրկել համամարդկային բարձր արժեքները։

Մեր սերնդին նաեւ հայկական ժողովրդավարության հիմքերը դնելու առաքելությունն է վիճակված։ Սա է եզրակացությունը։ Այս ուղղությամբ լուրջ տեսական աշխատանք հիմնավորապես ԱԻՄ¬ն է իրականացրել։ ԱԻՄ հրատարակչությունը վերջին երեք տարիներին ժողովրդավարության վերաբերյալ 4 գիրք հրատարակեց` «Հայաստանի ընտրական համակարգը մարդու իրավունքների տեսանկյունից», «Ընտրողների ներկայացուցչականության գործակիցը Հայաստանի խորհրդարաններում», «Ժողովրդավարություն խոսքով եւ գործով» եւ «Պետությունների ժողովրդավարականության բանաձեւը» (անգլերեն)։ Թերեւս մարդկության պատմության մեջ առաջին անգամ տրվեց ժողովրդավարությունն իրապես համեմատելի, թվաբանորեն մատուցելի դարձնող պետությունների ժողովրդավարականության բանաձեւը։

Ի դեպ, արտահերթ ընտրություններն արտառոց, նույնիսկ ապակայունացնող համարող եւ դրանցից սարսափող իշխանությունները պարտավոր են գիտենալ, որ այդպիսիք նախատեսված են հենց Սահմանադրությամբ եւ ժողովրդավարության հերթական դրսեւորումներից են։

Մեր համոզմամբ Հայաստանում ժողովրդավարության երաշխավորը պետք է լինի Սահմանադրությունը, որում անհրաժեշտ է ամրագրել խորհրդարանի ձեւավորման ամենաներկայացուցչական` համամասնական ընտրակարգը, եւ Նախագահին զրկել խորհրդարանը կամայականորեն արձակելու իրավունքից։

Ի դեպ, 1998 թվականին մեր կողմից շրջանառության մեջ մտցված եւ իշխանությունների ու սահմանափակ աշխարհընկալման տեր ընդդիմադիր որոշ ուժերի ջանքերով տապալված Սահմանադրության բարեփոխման հարցը շարունակում է մնալ ժամանակի հրամայականը։

Ընկերային (սոցիալական) ոլորտի միայն մի քանի ուղղությունների վրա կանգ կառնեմ։ Հայաստանն այսօր ի վիճակի է ազգային ունեցվածքի հաշվին՝ «գույք՝ պարտքի դիմաց» սկզբունքով, քաղաքացիներին վերադարձնել ավանդները (ի դեպ որոշ պատգամավորներ ճիշտ են հասկացել ԱԻՄ¬ ի դեռեւս անցյալ դարի 90¬ ական թվականներին ասպարեզ իջեցրած ավանդների փոխհատուցման ծրագրի հիմնական ուղղվածությունը), իշխանությունների աջակցությամբ եւ իշխանական լծակների չարաշահմամբ ապօրինաբար գերհարստացած գործարարների «աջակցությամբ» մեղմել ընչազուրկ խավի կենսապայմանները։

Իրավական պետություն, օրենքի իշխանության երկիր դառնալու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների պաշտպանվածությունը, որի առաջին քայլը Սահմանադրական դատարանի մատչելիությունը պետք է լինի, ինչպես նաեւ դատարանների իրական անկախության ապահովումը։ Այստեղ նույնպես ընդգծվում է Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը։ Դա կարող է իրականացվել գործող սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու կամ նորն ընդունելու ճանապարհով։

Օրվա հրամայականներից է նաեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը հարեւանների հետ։ Եւ այստեղ մեր տրամադրվածությունը պետք է շատ հստակ լինի, ընդգծված։ Այս հարցի լուծման ճանապարհին նույնպես կարեւորագույն նախաքայլը երկրում ժողովրդավարության հաստատումն է, ժողովրդավարություն, որը հնարավորություն կտա բանակցային գործընթացներին մասնակցել որպես իսկապես ժողովրդին ներկայացնող քաղաքական ուժ։ Հարեւանների հետ ուղղակի բանակցությունները, եւ նոր միջպետական պայմանագրերի կնքումը ամենակարճ ճանապարհն են ազատագրվելու 1921 թվականի մարտի 16¬ին Մոսկվայում կնքված ռուս¬թուրքական հակահայկական եւ ապօրինի պայմանագրի ճիրաններից։

Մեր քաղաքական կյանքը լի է բազմաթիվ անհեթեթություններով, որոնք բարյացկամ լինելու դեպքում կարող էինք համարել քաղաքական մշակույթի բացակայության հետեւանք։ Պատկերավոր ասած, այսօր հայաստանյան քաղաքական միջավայրը տնօրինում են տարիներ շարունակ հայ մարդուն ռաբիս քաղաքական ոգով սնած ու դաստիարակած քաղաքական ռաբիսները։ Օրինակ, վաղը՝ Մայիսի 28¬ը նշվում է ոչ որպես Անկախության օր, այլ՝ որպես Առաջին հանրապետության օր։ Կարծես թե մեր ժողովուրդը դարեր շարունակ ոչ թե պետականություն էր երազում, այլ՝ այնքան զարգացած էր, որ հենց հանրապետություն էր երազում. մինչդեռ մենք անկախություն՝ պետականություն էինք կերտում, եւ որպես այդպես էլ պետք է մայիսի 28¬ը մատուցվեր։ Սեպտեմբերի 21¬ը` հայ ժողովրդի առաջին ինքնորոշման օրը, նշվում է որպես Անկախության օր, երբ դրանից մի տարի առաջ արդեն Անկախության հռչակագիր էր ընդունված։ Հայ ժողովրդի ծննդյան՝ ազգային ինքնագիտակցության առաջին դրսեւորման ՝ Հայկի ու Բելի կռվի օրը կամ Բուն Հայոց թվականը, 1921 թվականի փետրվարյան՝ առաջին հակաբոլշեւիկյան ապստամբության եւ Երեւանի ազատագրման օրը՝ Փետրվարի 18¬ը, նույնպես պետականորեն չեն նշվում։ Մինչդեռ ամեն ազգ կերազեր այդպիսի արժանապատիվ տոներ ունենալ։

Իշխանությունների գաղափարախոսական ժառանգականություն չի պահպանվում (սա մեր քաղաքական անհեթեթություններից է) նույնիսկ այնպիսի բազմամարդ պետական կառույցում՝ ինչպես խորհրդարանն է։ Սակայն հավատափոխ եղած մարդկային ժառանգականությունը պահպանվում է, մի բան, որ ուղղակիորեն այլասերում է նոր ձեւավորվող հայ քաղաքական մշակույթը։ Օրինակ, ՀՀՇ-ն այսօր պառլամենտում զրո տոկոս է, նախկին իշխող կուսակցությունը ունի ընդամենը զրո տոկոս, սակայն Ազգային ժողովը լի է նախկին հհշականներով։

Կրթական համակարգը ազգային արժեքներին անհաղորդ եւ անարժանապատիվ քաղաքացիների պատրաստման, դավաճանական հոգեբանության արմատավորման համակարգ է։ Բավական է նշել այն, որ բուհական դասագրքերում Հայաստանի բռնազավթման տասնամյակները ներկայացվում է որպես երկրորդ հանրապետություն։ Միայն առաջին հայացքից է անգրագիտություն, երբ հանրապետություն է կոչվում մի վարչական միավոր, որ ո՛չ պետություն էր, ո՛չ էլ առավել եւս հանրապետություն՝ իր բռնապետական կարգով, դա արդեն անգրագիտություն չէ։ Քաղաքական տհասության վերագրել, նշանակում է արդարացնել այն դավադրական նկատառումները, որով առաջնորդվում են մեր պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը, հակասահմանադրական երրորդ հանրապետություն կոչող իրական դավադիրները։ Կոմունիստական ժամանակներից եկող մեր ուսադիրակիր մտավորականները (ուսադիրակիր մտավորականներ՝ Համբարձում Գալստյանի խոսքն է) 11¬ րդ բանակի բռնազավթումով ստեղծված վարչական միավորի եւ Անկախության հանրաքվեով ձեւավորված (հիմնադրված) պետության միջեւ հավասարության նշան են դնում. երկրորդ հանրապետություն, երրորդ հանրապետություն։ Սա մի՞թե դավադրություն չէ եւ սրբապղծություն։

Վերջին տարիներին Հայաստանի ինքնիշխանությունը մեծագույն հարված ստացել է ապազգային եւ ապօրինի իշխանություններից։ Որեւէ երկիր, որեւէ ժողովուրդ եւ իշխանություն կհանդուրժեր, որ իր քաղաքացիների վերաբերյալ գաղտնի «դոսյեներ» պահվեին որեւէ այլ օտար պետությունում։ Այդ հարցի մասին Հայաստանում ոչ ոք խոսել չի ուզում։ Մենք եռանդուժային (էներգետիկ) կարողություններն օտարին հանձնելու մասին շատ ենք խոսել։ Ես այժմ բոլորի ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն ամոթալի իրողության վրա, որ անկախ Հայաստան այցելող քաղաքացիների անձնագրերում որպես Հայաստան մուտք գործած լինելու վավերացում դրվում է օտարալեզու կնիք՝ ոչ թե Ռեսպուբլիկա Արմենիի, այլ՝ «ԿաՊեՊե ԱՐՄԵՆԻԻ»՝ կոմանդնոպրոպուսկնոյ պունկտ։ Սեփական լեզվի ու պետական խորհրդանիշների նկատմամբ այդպիսի քամահրական վերաբերմունք աշխարհի որեւէ անկախ պետությունում գտնել հնարավոր չէ։

Ինչպես՝ նախորդ, այդպես էլ այս իշխանությունների օրոք պետական հատուկ հոգածության առարկա չդարձավ մայր հայրենիքում հայության իրավական եւ փաստացի համախմբման ծրագիրը։ Իրավական համախմբման կարեւորագույն նախաքայլերից է երկքաղաքացիության իրավունքի ընդունումը։ Եթե անցյալում դա ակնկալվում էր որպես աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին նախնիների հայրենիքին մերձեցնելու բարոյաիրավական լծակ, ապա այսօր ավելի քան ակնհայտ է, որ միջազգային լայն տարածում ունեցող այդ սկզբունքը մեզ պետք է նախ եւ առաջ վերջին տասնամյակներում Հայաստանից հանգամանքների բերումով հեռացած մեր հայրենակիցներին Հայաստանի քաղաքացիությունից չզրկելու, Հայաստանը 4,5 ¬ 5 միլիոն քաղաքացի (ոչ բնակիչ) ունեցող պետություն դարձնելու համար։ Ընդամենը մեկ օրենքի ընդունումով, մեկ փոփոխությամբ մենք 3 միլիոնանոց Հայաստանից դառնում ենք 4,5 ¬ 5 միլիոնանոց Հայաստան։

Չնայած ԱԻՄ¬ի եւ անձամբ իմ` Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը գլխավորելուս ընթացքում գործադրած ճիգերին, այդպես էլ չլուծվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրություններին արցախցիների մասնակցության հարցը։ Տեսնես ո՞ւր են «միացում» վանկարկողները...

Մեր՝ քաղաքացիական հասարակության ձեւավորման կարեւորագույն խնդիրներից է Հայաստանում ազատ մամուլի կայացումը։ Եթե խոսում ենք կայացման մասին, ուրեմն չկա այդ ազատ մամուլը։ Ոչ միայն պետական համակարգի մաս կազմող լրատվամիջոցները, այլեւ ողջ լրատվական դաշտը խստագույնս վերահսկվում է իշխանությունների կողմից եւ, լավագույն դեպքում, պատկանում է ինչ¬որ հովանավորի։

Վերջերս «Հայաստանի Հանրապետություն» թերթի գրավոր հարցին, այն մասին, թե ինչով կվերջանա քաղաքական փակուղին, ես նույնպես գրավոր պատասխանում եմ` «Իշխանություններն այնքան օրինական չեն (ներառյալ խորհրդարանական մեծամասնություն կոչվածը), որ կարողանան մնալ իշխանության։ Մյուս կողմից հրապարակ դուրս եկած ընդդիմությունն այնքան հզոր չէ (մանավանդ՝ իր քաղաքական կենսագրությամբ ) , որ հասնի իրենով իշխանությունը փոխելու իր նպատակին»։ Թերթում տպագրվեց իմ պատասխանի միայն երկրորդ` ընդդիմությանը վերաբերող մասը... երբ պայմանավորվել ենք գրավոր հարց՝ գրավոր պատասխան։

Ազգային ռազմավարական որեւէ խնդիր այդպես էլ չարժանացավ մեր ապազգային իշխանությունների ուշադրությանը։ «Մեկ ազգ՝ մեկ հայրենիք» կարգախոսն ամեն առիթով հիշատակող մեր իշխանիկները բնականոն են համարում Հայ Առաքելական Եկեղեցու պառակտվածությունը, երկու` դասական եւ բոլշեւիկյան ուղղագրությունների առկայությունը։ Ի դեպ, վերջին հարցը մի ամոթալի խարան է մեր մտավորականության, մանավանդ՝ իրենց հայագետ համարող մտավորականների համար, որ որեւէ փորձ իսկ չարեցին այս հարցին լուծում տալու։ Իմ պարտքն եմ համարում հիշեցնել, որ դաշնակցականների կողմից ապազգային հայտարարվող ՀՀՇ¬ի օրոք ընդունված Լեզվի մասին օրենքը պարտադրում էր եւ պարտադրում է անցնել միասնական ուղղագրության։ Միաժամանակ, իմ պարտքն եմ համարում իրազեկել մեր հանրությանը, որ, երբ ինձ հաջողվեց 1990-ական թվականների վերջերին կրկին շրջանառության մեջ դնել այդ հարցը, դաշնակցական կրթության նախարար Լեւոն Մկրտչյանն էր, որ Ռոբերտ Քոչարյանին ասել էր` հեռու մնանք այդ գլխացավային հարցից: Խնդրում եմ ուշադրություն դարձնել` կրթության նախարար եւ դաշնակցական...

Կարո՞ղ են Հայաստանի ներկա իշխանությունները կյանքի կոչել հիշատակված եւ այլ նպատակներից որեւէ մեկը։ Մենք բավարար ժամանակ ունեցել ենք նրանց ճանաչելու համար եւ վճռականորեն ասում ենք` ոչ։

Այդ դեպքում ո՞րն է ելքը։ Հայաստանում պետք է նոր` ժողովրդի կամքով, արդար ընտրություններով ձեւավորված իշխանություն հաստատվի։ Ի վիճակի՞ է որեւէ քաղաքական ուժ ինքնուրույն իրականացնել, որեւէ առանձին կուսակցություն ինքնուրույն հասնել ժողովրդավարության կայացմանը։ Իհարկե, ոչ։ Դա վեր է նույնիսկ մի քանի կուսակցությունների համատեղ ուժից։ Պետք է համազգային դաշինք, համազգային համագործակցություն ծավալել հանուն ժողովրդավարության, մի նպատակային դաշինք , որն ի սկզբանե չպետք է բացառի որեւէ քաղաքական ուժի մասնակցությունը այս պատմական առաքելությանը։

Հայաստանը հայտնվել է ծանր իրավիճակում։ Նրա իշխանություններն զբաղված են ազգային ունեցվածքի եւ ազգային ներուժի, այդ թվում՝ մարդկային հնարավորությունների փոշիացմամբ։ Սա հայրենիքի դավաճանության դասական օրինակ է դառնալու։ Այստեղ էլ օրինաչափությունն ակնհայտ է։ ՀՀՇ¬ով ասպարեզ եկած, առանց ապաշխարելու ՀՀՇ¬ից հեռացած, այսինքն` նրան դավաճանած օրինացական խաղացողը, Լեւոն Տեր¬Պետրոսյանի մասին մի քանի գիրք գրած, սակայն հետո նրան լռելյայն ուրացած, նաեւ իր անցյալն ուրացած մարդը կարո՞ղ է ազգին հավատարիմ լինել։ Կամ հանրապետականները` նախ ուրացան իրենց ԱԻՄ¬ական անցյալը, հետո՝ ԱԻՄ¬ի գլխավոր նպատակը` Անկախություն հանրաքվեի ճանապարհով, դրժեցին, թեեւ հանգուցյալ Աշոտ Նավասարդյանը վերջին անգամ դատվել էր հենց այդ գաղափարը մատուցող գրականություն տարածելու համար։ Կվկայի հարգարժան Ազատ Արշակյանը, որ միասին են դատվել՝ նույն գործով։ 1995 թվականին «Հանրապետականը» ՀՀՇ¬ի գործընկերն էր, 96¬ին Լեւոն Տեր¬Պետրոսյանի պաշտպանն ու երկրպագուն, 1998 թվականին ՀՀՇ¬ին դավաճանելով «Երկրապահ»¬ի հետ միավորվողը, 1999 թվականին Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող, սակայն մի քանի ամիս անց Երկրապահին դավաճանելով՝ Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան անձերի հետ միավորվողը, որ այսօր էլ խոստանում է դավաճանել Ռոբերտ Քոչարյանին, եթե իրենց տրված իշխանական լծակները պակասեցնեն։ Կարո՞ղ են այսպիսի մարդիկ չդավաճանել ազգին... Դավաճանությունն իրենց կենսակերպն է։ Հիմա էլ իրենց փորձում են կապել Ազգային միացյալ կուսակցության հետ, որ պղծեն նաեւ մեր ազգային արժանապատվության, մեր ազգային ինքնության արմատները... (հանգիստ չտալով Հայկազ Խաչատրյանին՝ Ազգային միացյալ կուսակցության հիմնադրին)։

Հայաստանի այսօրվա իշխանավորներին ոչ թե Եվրոպան է պետք, այլ՝ իրենց իշխանական դիրքերում պահող, թեկուզ՝ սատանան։ Նրանց սատարողները, որ այդ կարգավիճակում են միայն իշխանական կերակրամանին իրենց մոտ լինելու հանգամանքով, աջ ու ձախ հայտարարում են, թե Քոչարյանին «դոբրո» է տալիս Պուտինը։ Ցավոք սրտի ընդդիմության մեջ էլ կան ուժեր, որոնք Քոչարյանի հետ մրցում են Պուտինից ավելի շատ «դոբրո» ունենալու իրենց հավակնություններով։ Մեզ համար՝ ազգային արժանապատվություն ունեցող հայ մարդկանց համար, մերժելի են ե՛ւ առաջինները, ե՛ւ երկրորդները։

Իշխանության համար պայքարը քաղաքական գործչի համար ընդամենը մարտավարական խնդիր է: Ազնիվ ազգային¬քաղաքական գործչի համար կարեւորագույնը ռազմավարական հաղթանակն է, որ նշանակում է համազգային կարեւորության ծրագրերի իրականցում: Ծրագրեր, որոնք անառարկելի արժեք են մնում նաեւ իշխանափոխությունից հետո: Մենք, ինչպես արդեն նշել եմ, եղել ենք եւ մնում ենք ստրատեգիական նպատակների կուսակցություն: Ի տարբերություն Հայաստանի կուսակցությունների հիմնական մասի, իշխանության համար պայքարի հնարավորության ստեղծումից հետո չենք ասպարեզ եկել, այլ այն ժամանակներում, երբ քաղաքականությամբ զբաղվելն ավարտվում էր բանտ ու աքսորով: Բայց ավելի կարեւոր է մեկ այլ հանգամանք։ Լավ բաներ շատերը կարող են ցանկանալ, լավ ձգտումներ կարող են ունենալ բոլորը։ Խնդիրը նաեւ դրանք իրականություն դարձնելու հետեւողականության դրսեւորումն է։

ՄԵնք պատրաստ ենք մեր փորձառությունը փոխանցել բոլոր քաղաքական ուժերին։ Այդ նպատակով էլ վերջին տարում մեծ տպաքանակով հրատարակեցինք «Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին», «Հայ ժողովուրդը 2003¬2004 թթ. սահմանագծին» եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության հիմնական խնդիրները» հանրամատչելի գրքույկները։ Չնայած հայ քաղաքական կյանքում հիրավի կարող ենք ծնող կուսակցություն համարվել, սակայն առանց հավակնության պատրաստ ենք համագործակցության բոլոր քաղաքական ուժերի հետ։ Որոշ դեպքերում այդ համագործակցությունը կարող է լինել նպատակային, իսկ քաղաքական գործունեության մեջ քրիստոնեական սկզբունքներով առաջնորդվող կուսակցությունների հետ, բնականաբար, նաեւ՝ գաղափարախոսական։ Ի դեպ, գաղափարախոսական համագործակցության կատարյալ ձեւը միավորումն է մեկ կուսակցության մեջ, ինչը, օրինակ, տեղի ունեցավ Եվրոպայում։

Եվրոպական ընտանիքին մերձեցումը սկսվում է կուսակցությունների համագործակցությունից։ Մենք ավելի քան տաս տարի սերտ հարաբերությունների մեջ ենք եվրոպական քրիստոնեավարների` Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ եւ առաջիկայում ծրագրում ենք է՛լ ավելի սերտացնել մեր հարաբերությունները։ Ի դեմս իր նախագահի եւ այլ պատասխանատուների՝ ԱԻՄ¬ը մասնակցում է համաեվրոպական բոլոր կարեւորագույն միջոցառումներին։ Դրանցից կարեւոր էր Պորտուգալիայում Եվրոպայի Սահմանադրության նախագծի քննարկման նպատակով հրավիրված վեհաժողովը, եւ՝ այս տարվա փետրվարին Բելգիայում հրավիրված ԵԺԿ հերթական համագումարը, որի հիմնական նպատակն էր համաեվրոպական ընտրություններին եվրոպական քրիստոնեավարների նախապատրաստումը։ Մենք հավատում ենք, որ մի քանի օրից կայանալիք ընտրություններում մեր եվրոպական գաղափարակիցները կպահպանեն առայսօր իրենց ունեցած առաջավոր դիրքերը` մնալով Եվրոպական խորհրդարանի ամենամեծ քաղաքական ուժը։

Ի դեպ, պիտի այս բարձր ամբիոնից խոստովանեմ, որ, չնայած ԱԻՄ¬ի եւ իմ անցյալ այլախոհական շրջանի գործունեության նկատմամբ մեծ հարգանքի առկայությանը, ես այդ բնույթի միջոցառումների ընթացքում միշտ չէ, որ հետաքրքրող հարցերի տրամաբանական

պատասխան եմ ունենում։ Օրինակ, հնարավո՞ր է արդյոք բացատրել այն իրողությունը, որ առաջին քրիստոնյա երկրի պառլամենտում ոչ միայն չկա ԱԻՄ-ը, այլեւ` պաշտոնապես քրիստոնեական սկզբունքներով առաջնորդվող քաղաքական ուժի ներկայացուցիչ`որեւէ քրիստոնեավար։ Նկատի ունեմ պաշտոնապես այդ գաղափարախոսությունը որդեգրած անձ։

Մի կարեւոր խնդրանք. այս բոլոր քննադատություններով, պախարակումներով եւ, երբեմն, խիստ դատապարտումներով հանդերձ՝ եկեք մեզ վերին դատավոր չկարգենք (այս խոսքերը ուղղված են նաեւ ինձ եւ ամենից առաջ՝ ինձ) եւ հայտարարենք, որ սիրով ներելու եւ համագործակցության ձեռք ենք մեկնելու բոլոր նրանց, ովքեր, ձերբազատվելով նյութական եւ հոգեւոր ճնշումներից` սատանայի ճիրաններից, հանուն բարձր գաղափարների, բայց ոչ երբեք հանուն աթոռի, ապաշխարելով՝ անառակ որդու օրինակով, կվերադառնան հարազատ ժողովրդի գիրկը։

Ընդհանրապես ազնիվ իրավապաշտպան գործունեությունը, աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ընդդիմադիր բնույթ է կրում, որովհետեւ մարդու իրավունքների խախտումները որպես կանոն կատարում են իշխանությունները։ Չնայած մեր հակառակորդները, ավելի ճիշտ, մրցակիցները իմ հասարակական գործունեության այդ շրջանի համար քննադատություններ են թույլ տալիս, սակայն աիմականնե՛ր, հավատացնում եմ ձեզ, անփոխհատույց աշխատելուս այդ տարիների ընթացքում չի կատարվել նույնիսկ մեկ քայլ, որի համար դուք նույնիսկ դժկամելու առիթ ունենաք։ 4 անգամ տարեկան զեկույցներ են պատրաստվել, որոնք ավելի խիստ քննադատություններ են պարունակում իշխանությունների հասցեին, քան ամենամոլի ընդդիմադիրների ելույթները։ Իսկ անհարկի կալանավորումներից ազատված, սպայի կամայականությունից պաշտպանված, խոշտանգումներից փրկված մարդկանց առայսօր ինձ ուղղվող երախտագիտության խոսքերը իմ այդ շրջանի գործունեության համեստ, սակայն՝ անաչառ գնահատականն եմ համարում։

Պարտավոր եմ մի քանի խոսք ասել խորհրդարանական ընդդիմության բարձրացրած վստահության հանրաքվեի վերաբերյալ։ Նրանց մոտեցումներին հակադրվողները ուղղակի մատնում են իրենց։ Ժողովրդավարությանը` ժողովրդին վերաբերող հարց կա։ Ո՞վ է ավելի իրավասու տալ այդ հարցի պատասխանը։ Իհարկե, ժողովուրդը։ Ժողովրդի կարծիքը լսելու ի՞նչ մեխանիզմներ են հայտնի մարդկությանը։ Հանրաքվե եւ հասարակական կարծիքի գիտական ուսումնասիրություն։ Հանրաքվեից իշխանությունները վախենում են։ Լավ հիշում եմ, թե ինչպես էին վախենում նաեւ բրեժնեւյան ժամանակներում։ Ինչ վերաբերում է հասարակական կարծիքին։ Դա ամենաբարձր մակարդակով այս օրերին իրականացվում է։ Արդեն հայտնի են երեւանյան արդյունքները եւ առաջիկա շաբաթների ընթացքում մեր հանրությունը հանգամանալից կիրազեկվի։ Նախնական տվյալներն այնքան էլ մխիթարական չեն (թե ում համար՝ չեմ նշում)։ Հանրապետության Նախագահից դժգոհ է երեւանցիների միայն 72 տոկոսը, իսկ խորհրդարանական մեծամասնությունից` միայն 81 տոկոսը։

Խորհել է պետք։ Ինչպես ասում են՝ խորհենք միասին։

Մենք ուշի¬ուշով հետեւում ենք քաղաքական բոլոր նախաձեռնություններին։ Ողջունելի ենք համարում տարիներ առաջ մեր ներկայացրած՝ մինչ սահմանադրական բարեփոխումները կամ նոր սահմանադրության ընդունումը՝ ժամանակավոր իշխանությունների ձեւավորման առաջարկի վերակենդանացումը Վազգեն Մանուկյանի կողմից։ Այդպիսի որոշակի մարտավարական խնդիրներով էլ պետք է ամբողջանա մեր ներկա ռազմավարությունը։ Ավարտելով ելույթս ես ուզում եմ մի փոքր պատմություն մատուցել ձեզ. Վերջերս «ԽՍՀՄ վերջին արտաքսյալը» վավերագրական ֆիլմը դիտելուց հետո մի տիկին, չգիտես ինչու ինձ մխիթարել որոշելով, ասաց. «Պարոն Հայրիկյա՛ն, մի անհանգստացեք, ձեր մեռնելուց հետո, ձեզ կգնահատեն որպես քսաներորդ դարավերջի ազգային¬ազատագրական պայքարի առաջնորդի»։ Հարգելով իր սեռն ու տարիքը՝ իրեն ցույց տվեցի, որ ինձ խորապես մխիթարված եմ զգում։ Բայց հավանաբար այդպիսի հույսեր փայփայողներին պարտավոր եմ տեղեկացնել, որ ես, իհարկե, Տիրոջ կամքով, շուտ չեմ մեռնելու։ Մենք դեռ պիտի ավարտին հասցնենք մեր գործը եւ մեր ժառանգներին կտակենք ոչ թե պայքար, այլ՝ կայացած հայրենիք ու արժանապատիվ կյանքով ապրելու լիարժեք հնարավորություն։ Դա էլ կլինի մեր գործի ամենամեծ գնահատականը։

Ինչ վերաբերում է մեր կազմակերպական գործունեությանը, իր կառուցվածքը ընդհանուր գծերով ներդաշնակելով եվրոպական աիմականների` Եվրոպայի ժողովրդական կուսակցության կառուցվածքի հետ, իհարկե տեղյակ եք, ԱԻՄ-ը վերաձեւավորվել է, եւ այժմ մարզային կառույցների փոխարեն գործում են 56 ընտրատարածքային կառույցներ։ Այս ամենը հանգամանալից կլուսաբանի ԱԻՄ գլխավոր քարտուղարը։ Կուսակցության գործը խոսքն է եւ այդ խոսքը տեղ հասցնելով գործ դարձնելը: Մենք ասելիք ունեցել ենք եւ այսօր էլ ունենք ու մեր շարքայինների խնդիրն է, նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում, այդ խոսքը՝ ծրագիրը, գաղափարը տեղ հասցնել՝ մատուցել մարդկանց: Թեեւ Հայաստանում տարածված է, որ կուսակցությունը դրամ ու վառելիք պետք է բաժանի, դեղեր, բլուզներ, գլխաշորեր, նյութական եւ բարոյական մկնդեղ, բայց ամեն ոք գիտե, այդպիսի թյուր պատկերացումները ժամանակավոր մոլորություններ են, եւ մերձավոր ապագայում նրանք հայտնվելու են պատմության աղբանոցում։

Ելքը։ Ո՞րն է ելքը։

Հայերիս համար կա մի ընդհանրական բանաձեւ, որը հայտնի է ամեն գրագետ հայի.«Ով հայ ժողովու՛րդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»՝ պատգամում էր Եղիշե Չարենցը հուսալով, որ սերունդները կհասկանան, որ որեւէ ազգի հավաքականությունը լավագույնս դրսեւորվում է ազգի պետությամբ։ Ըստերեւույթին ամենից ավելի, կամ բոլորից շուտ այդ բանը հասկացել էր Հայկազ Խաչատրյանը, եւ 1967 թվականին Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանը «Փարոս» թերթի նշանաբան էր ընտրել այդ կարգախոսը։

Նույն կարգախոսն այլ խմբագրությամբ մատուցված է մեր օրհներգում՝ ԱՄԿ¬ԱԻՄ օրհներգում.

Դե՛, եկե՛ք, եղբայրնե՛ր, մենք միանանք,

Միասնությամբ ենք անպարտ մենք,

Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք,

Հայաստանն ազատենք...

Խոսքս ուզում եմ ավարտել մեր համագումարի կողմից ընդունվելիք հայտարարության նախագծի մատուցմամբ։ Այս հայտարարությունը, կարծում եմ համագումարի հարգելի պատվիրակները կհամաձայնեն, բաց պիտի լինի նաեւ այլ կուսակցությունների ստորագրությունների համար։