ԱԻՄ

Ինքնորոշում Միավորում
Բաց նամակ Ռոբերտ ՔոչարյանինԱԻՄ XXIV Համագումար << Սկիզբ

Ռուսական գազը եվ Հայաստանի օրվա իշխանավորները...

Ռուսական գազը եվ Հայաստանի օրվա իշխանավորները...

6 ապրիլի 2006թ. Երեւան

Արդեն մի քանի ամիս է, մեզ մատուցվում են ռուսական գազի գնաճը կանխելուն ուղղված Հայաստանի իշխանությունների հերոսական ճիգերը։ Գազի գինը իբրեւ թե ցածր պահելու վերաբերյալ խոսակցությունները ներկայացվում են որպես իշխանությունների տքնանք։ Սակայն պարզվում է` օրվա իշխանավորները այդ ցածր գնի դիմաց ցանկանում են հայ ժողովուրդին զրկել առաջիկա տասնամյակներում գազի այլընտրանքային եւ մրցակցային գներ ունենալու հնարավորությունից։

Դա Հայաստանի եռանդուժային (էներգետիկ) անվտանգությանն ու անկախությանը հասցված ամենածանր հարվածն է լինելու։

Եթե Հայաստանի քաղաքացիների համար մի քանի տարի գազի ցածր սակագին ապահովելու նպատակով Հայաստանը «գազարդ»¬ի տրամադրության տակ դնի բնական գազի ներկրման այլընտրանքային հնարավորությունը, ապա մենք այդպես էլ չունենալով այդ սակագինը տեւականորեն պահպանելու որեւէ երաշխիք, մեր որդիներին դնում ենք օտար պետությունից միակողմանի կախյալ վիճակում։

Այն, ինչի դիմաց Հայաստանի սպառողների համար առաջարկվում է մի քանի տարի գազի ցածր գին ապահովել, հազարապատիկ ավելի թանկ բան է, քան այդ գնաճը։ Մեզնից, ավելի ճիշտ` մեր որդիներից տասնամյակների հեռանկարով խլվում է 15 տարի առաջ` 1991 թվականի սեպտեմբերի 21¬ի հանրաքվեով ձ եռք բերած ազգային անկախությունը։

Այսօր դրամ խնայելու համար մենք ռուսական իմպերիալիզմի պատանդ ենք դարձնում մեր երեխաներին։ Այսօր փորձ է արվում տարբեր պատասխանատու դիրքերում տեղավորված գաղտնի գործակալների միջոցով բթացնել մեր զգոնությունը, բայց ժամանակն է, որ Հայաստանը Ռուսաստանի հայազուրկ ֆորպոստի վերածելու դավադրության սպասարկուները տեսնեն, որ Հայաստանում իրենց դավերն հասկանում են։

Հյուսիսային կովկասից դեպի «տաք ծովեր» Ռուսաստանի բարոյաքաղաքական ներկայության մեկ կմ¬ը արժե տարեկան ոչ պակաս քան մեկ միլիոն դոլար։ Ուրեմն ամեն մարդ պետք է հասկանա, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների առկայությունը Ռոսաստանի համար կարեւոր գործոն է։

Գործոն, որի տերը Հայաստանն է, ինչպես ռուսական գազի տերը՝ Ռուսաստանը։ Փոխվու՞մ են հարաբերությունները. փոխենք` դուք գազի գինը, մենք ձեր ռազմակայանների պահպանման պայմանները կամ դրանց վերացման ժամանակացույցը...

Մեզնից շատ ավելի անբարենպաստ պայմաններում գտնվող Վրաստանն ու Ուկրաինան (նրանք առայժմ պարսկական գազի այլընտրանք չունեն) որպես մեծ ողբերգություն չընկալեցին գազի գնի քառապատիկ աճը։ Ավելին, դա համարեցին որեւէ ազգի համար կարեւորագույն արժեքի՝ անկախության գինը։

Ի՞նչ կկատարվի, եթե մենք Ռուսաստանի պարտադրած գազի սակագնի հետ համաձայնենք։ Մեկ տարի (ավելի կամ պակաս) անց մենք հնարավորություն կունենանք օգտվել պարսկական գազից։ Հայաստնաի սպառողն ինքը կորոշի, թե որ երկրի գազին նախապատվություն տա։ Կլինի ազատ մրցակցություն եւ բնականաբար սակագնի շուկայական բնականոն նվազում։ Այսպիսով, ազգային շահերի տեսանկյունից մեզ համար շատ ավելի շահեկան է ընդունել Ռուսաստանի պարտադրած գինը քան սակագնի աճը մեղմելու պատրվակով զիջել իրանական գազի մեր բաժինը։

Իրանից ներկրվող գազը Ռուսաստանին տրամադրելու ճանապարհով ցածր սակագին «նվաճելու» բերկրանքը պարզապես խաբեություն է։ Խաբեություն է, որովհետեւ առաջին՝ խոսքը վերաբերում է լավագույն դեպքում երեք տարվան եւ երկրորդ՝ մենք անհասկանալի տրամաբանությամբ մեզ զրկում ենք մեր միակ առավելությունից՝ գազի մատակարարման այլընտրանքային հնարավորությունից։ Ակնհայտ է, որ այստեղ ինչ¬որ հետին նկատառումներ կան։ Կարելի է ենթադրել, որ որոշում կայացնելու իրավունքով իրենց օժտած մարդկանց մի մասը հեռավոր ափերում մութ գործարքներից ստացվող եկամուտների փայատեր է դարձել, մյուս մասին էլ, հավանաբար, վախեցնում են անցյալում «կագեբե»¬ին մատուցած ծառայությունների հրապարակումով։

Օրինակ, ես գիտեմ բարձր պաշտոն զբաղեցնող մեկին, գիտեմ եւ իմ մասին գրած իր «դոնոսն»¬երի մասին, եւ «կագեբե»¬ի դրդմամբ ԱՄԿ¬ԱԻՄ¬ի դեմ արած քայլերի մասին։ Նա այդ կապանքներից չի կարողանում ձերբազատվել, իսկ օտար պետության գաղտնի ծառայություններն օգտագործում են այդ հանգամանքը։ Ահա թե ինչու ենք մենք տարիներ շարունակ խոսում գարծակալներին գաղտնազերծելու անհրաժեշտության մասին։ Մի բան որ անում են նաեւ Լատվիան ու Վրաստանը։

Խորհրդային իշխանության տարիներին դպրոցներում կեղծելով պատմությունը ներշնչում էին, որ «Հայաստանը մեզ պետք է առանց հայեր»¬ի կարգախոսի հեղինակ Ռուսաստանն է եղել մեր փրկիչը։ Անկախության տասնհինգ տարիներին տարբեր տեսակի չեկիստակոմունիստական կրթության նախարարների օրոք այդպես էլ մեր երեխաները չիմացան, որ վերջին հարյուրամյակներում հայերի բոլոր զանգվածային ջարդերի նախապատրաստողն ու դրդողը եղել է Ռուսաստանը, որ 1878 թվականին Արեւմտյան Հայաստանին ինչպես Բուլղարիային անկախություն տալու Մեծ Բրիտանիայի գաղափարը մերժել է Ռուսաստանը, որ 1915 թվականին հաղթանակած Վան¬Վասպուրականը հայաթափողը եղել է Ռուսաստանը, 1920 թվականին Կարս Արդահանը Թուրքիային, Նախիջեւանը եւ Արցախը Ադրբեջանին է տվել Ռուսաստանը, որ Ցեղասպանությունն առաջինը օրհնել է այդ նույն Ռուսաստանը 1921 թվականի մարտի 16¬ի Մոսկվայի պայմանագրով։

Հայ¬թուրքական հարաբերությունները շարունակվում են կարգավորվել ռուս¬թուրքական պայմանագրերով, այսինքն` ենթակայեցված են Ռուսաստանին։ Այսօր փորձ է արվում նաեւ հայ իրանական հարաբերությունները ենթակայեցնել Ռուսաստանին։

Ռուսաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը կհրաժարվի Հայաստանի նկատմամբ իր կայսերապաշտական դրսեւորումներից։ Այլապես, մենք պետք է արժանապատվություն ունենանք ու հետեւելով Արեւելյան Եւրոպայի, մերձբալթյան հանրապետությունների ու մեր դարավոր հարեւան Վրաստանի օրինակին, բարի ճանապարհ մաղթենք 1920 թվականին մեզ մեր պետականությունից զրկած բոլշեւիկյան թափթփուկների վերջին մնացորդներին։

Անկախությունը արժանապատիվ մարդու եւ «ոչ միայն հացիւ» սկզբունքով ապրող ազգի համար բարձրագույն արժեք է։ Սերունդներին անկախ Հայաստան կտակելը մեզ վիճակված մեծագույն առաքելությունն է։ Այսօր մեզ հնարավորություն է ընձեռվել գազի գնի թանկացումով ցուցադրել մեր արժանապատվությունը։ Ուրեմն ցույց տանք, որ որոշակի բարոյականության սկզբունքների տեր մարդիկ ենք եւ ոչ տնտեսական դժվարությունների պատճառով սեփական զավակներին խժռելու ընդունակ առնետներ։

Որպես հավելում տեղեկացնեմ, որ մենք հնարավոր ենք համարում ինքնուրույն կամ այլ ուժերի հետ այս հարցով ցույց հրավիրել կառավարության դեմ։

ԱԻՄ նախագահությունը որոշել է շնորհավորական ուղերձ հղել Վրաստանի նախագահին ՊԱԿ¬ի գործակալների ցուցակները գաղտնազերծելու եւ Ռուսաստանի ճնշումներն հաղթահարելու առիթով։

Վաղը վճռաբեկ ատյանը քննելու է ԱԻՄ¬ն ընդդեմ լեզվի տեսչության գործը։